Լրահոս
Օրվա լրահոսը

«Հողը դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք, եկել եք երջանիկ կյանքով ապրում եք Պրահայում». Նիկոլ Փաշինյանը՝ Չեխիայում բնակվող արցախցուն

Մայիս 05,2023 21:21

«Ես Արցախը չեմ հանձնել, ես 2018 թվականից արել եմ ամեն ինչ, որ պաշտպանության բանակը պատրաստ լինի պատերազմի»,-Չեխիայի հանրապետության հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարց-դիտարկմանը, որ ինքը խոսում է խաղաղության մասին, բայց ինչպե՞ս է պատկերացնում այդ խաղաղությունը հողերը զիջելո՞վ ու ասելով, որ խաղաղությունն էլ դեռ պատերազմի երաշխիք չէ: Հարց տվողը նախկին արցախցի էր, մասնագիտությամբ նկարիչ. նա նաեւ ասաց, թե Արցախը զիջեց՝ հասկացանք, բայց ՀՀ-ի տարածքներն ինչո՞ւ է զիջում, ինչո՞ւ դրա փոխարեն իր պաշտոնը չի զիջում այլ, առավել խելացի մարդկանց, որոնց կարող են ղեկավարել։

Հարցը Նիկոլ Փաշինյանին դուր չեկավ, նա հակադարձեց՝ այդ խելացի մարդիկ կարող են ՀՀ-ում մասնակցել ընտրությունների, հաղթել ու ղեկավարել ու ինքն էլ հակընդդեմ հարց տվեց՝ իսկ դուք ինչո՞ւ եք Չեխիայում ապրում. «Մենք 1994 թվականին մարտում հաղթել ենք, դրանից հետո Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թիվը նվազել է, Ադրբեջանինը՝ կրկնապատկվել։ Դուք ասում եք՝ Արցախը հանձնեցիք, շատ լավ…

Ես Արցախը չեմ հանձնել, ես 2018 թվականից ամեն ինչ արել եմ, որ ՊԲ-ն պատրաստ լինի պատերազմի: Ի՞նչ նկատի ունեք, որ ասում եք՝ Արցախը հանձնեցիք. նկատի ունեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությո՞ւնը, թե՞ որ ես մինչ դա ինչ-որ բան չեմ արել, որ պատերազմում հաջողություն չարձանագրվի։ Բանակցային ողջ ընթացքում հողերի զիջումը եղել է առանցքային խնդիր։ Եթե ձեզ որեւէ մեկը կասի, որ ինքը պատրաստվում էր հող չզիջելու՝ կստի։ Ես նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել եմ՝ հասկանալով, որ եթե չստորագրեմ, 30 հազար զինվոր գերի է մնալու եւ այն, որ այսօր ԼՂ-ում ապրում են հայեր, չեն ապրելու:

Այստեղ ապրելն անկյունաքարային բառ է եւ հայրենիքի մեր ընկալումն էլ է դրա մասին. մեծ հաշվով, գիտեք՝ ինչ, հայրենիքն այն է, որտեղ ապրում ես: Մեր խնդիրն էն է, որ մենք մի տեղ ապրել ենք, ուրիշ տեղ հայրենիք ենք համարել եւ սովորաբար այնտեղ, որտեղ ապրել ենք, հայրենիք չենք համարել: Իսկ մենք, էդ հողերը, որ ասում եք՝ հանձնել ենք, 30 տարի քանի՞ մարդ էր ապրում այդ հողի վրա, ի՞նչ ավելացված արժեք էր ստեղծվում մեր բանակի համար, մեր պետության համար, քանի՞ կոպեկի հարկ է գեներացվել, որ մեր զինվորը հավելյալ աշխատավարձ ստանա. համարյա՝ ոչ մի բան»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2017 թվականի համեմատ ՀՀ բյուջեն երկու միլիարդ դոլարով ավելացրել են ու դա հող պահելու՝ պետության հնարավորությունն է:

Նիկոլ Փաշինյանը հարց տվողին հորդորեց՝ հեռվից հայրենիք սիրելու սովորությունը ավարտել. «Հողը դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք, եկել եք երջանիկ կյանքով ապրում եք Պրագայում: Հեռանալով՝ այդ հողը դուք եք հանձնել, որովհետեւ այդ հողը ձեզ համար է»:

Երբ նկարիչը փորձեց հակադարձել՝ հայտարարելով, որ 30 տարիների ընթացքում 250 հազար դոլարով օգնել է պետությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պետությանը, պետք է դադարել վերաբերվել որպես որբանոցի: Պետության մեջ պետք է աշխատել եւ հարկեր վճարել։ Հայրենիքը հեռվից սիրելու սովորությանը եկեք վերջ տանք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031